Home
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հիմնադրվել է 2004թ-ին և 2005թ-ի ապրիլին ստացել է պետական նվագախմբի կարգավիճակ:

Նվագախմբի հիմնադիրներն են ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանը, որն էլ հանդիսանում է նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:

Նվագախմբում ընդգրկված են բարձրագույն երաժշտական կրթությամբ՝ թվով 40 երաժիշտ կատարողներ: Կատարվում են ժողովրդական և աշուղական, ինչպես նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:
Երգացանկը բազմաբնույթ է և բազմաբովանդակ՝ նվագախմբային պիեսներից մինչև ֆանտազիա, ռապսոդիա և կոնցերտ: Նվագախմբի կազմում ելույթ են ունենում նաև հրավիրված հայտնի և սիրված երգիչներ Վարդուհի Խաչատրյանը, Պապին Պողոսյանը, Թովմաս Պողոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանները – Մրո և Ասո, Շուշան Պետրոսյանը, Վարդան Բադալյանը, Համլետ Գևորգյանը, Սուսաննա Սաֆարյանը, Արուս Գուլանյանը, Աննա Խաչատրյանը, Արսեն Սաֆարյանը, Սոնա Շահգելդյանը, Գոհար Հովհաննիսյանը և ուրիշներ:

Նվագախումբը բազմաթիվ համերգներ է ունեցել Երևանյան հեղինակավոր բեմահարթակներում, հանրապետության մի շարք քաղաքներում և մարզերում, ինչպես նաև Արցախում և ՌԴ-ում: 2014թ. ապրիլի 7-ից 12-ը նվագախումբը համերգներով հանդես է եկել Թուրքմենստանի Աշխաբադ և Թուրքմենբաշի քաղաքներում, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի և մշակույթի օրերի շրջանակներում:

2009թ-ին թողարկվեց նվագախմբի առաջյին՝ <<Առավոտ Լուսո>> ձայնասկավառակը: Նվագախումբը մասնակցել է նաև Վարդան Բադալյանի և Համլետ Գևորգյանի ձայնասկավառակների ձայնագրման աշխատանքներին: Նվագախումբը մասնակցություն է ունեցել մի շարք տեսահոլովակների ձայնագրման և նկարահանման աշխատանքներին:

2010թ-ին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում նվագախումբն արժանացավ <<Տարվա լավագույն ժողովրդական համույթ>> մրցանակին: Նվագախմբի կարևորագույն առաքելություններից է նաև պահպանել, զարգացնել և սերունդներին փոխանցել Հայաստանում վաղուց ի վեր ձևավորված ազգային նվագախմբային կատարողական արվեստի ավանդույթները:

Մեզ հետ կարող եք կապվել azgayinnvagaranner@yandex.ru էլ-փոստով: